Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը

«Ժառանգությունը» չի լքել մարտադաշտը
18.02.2014 | 17:25

«Սերժ Սարգսյանը վերջերս մեծ բեմից ասաց, որ միայն զենքով կա փրկություն: Միգուցե այն լեզվի սայթաքում էր, բայց պետք է արձանագրել, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը սոսկ այս հարցում համաձայն է նրա հետ: Ատելության չափաբաժինը այնքան է խտացել ու շատացել, որ շատերն արդեն մտածում են այս խոսքը ի կատար ածելու մասին: Իսկ այս ամենի հիմնական պատասխանատուն նա է: Քանի դեռ ուշ չէ, և տակավին չենք մոտեցել անթույլատրելի քաղաքացիական պատերազմին, պետք է այլ լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար»,- այսօր «Անի Պլազայում»` ներկայացնելով իր տարեկան ամփոփիչ զեկույցը, ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

Ինչպես միշտ «Ժառանգության» առաջնորդի հավաքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: Նա ներս մտավ «Բարև, Հայաստան» օրհներգի ներքո և ներկաներին հերթով ձեռքով բարևելուց հետո ասաց, որ շատ է կարոտել նրանցից յուրաքանչյուրին: Վերջիններս ի պատասխան արձագանքեցին, որ իրենք նույնպես կարոտել են. «Ես այլևս թույլ չեմ տա, որ այսքան երկար կարոտենք իրար»,- խոստացավ ՀՀ նախագահի նախկին թեկնածուն:
Գլխավոր ժառանգականն անդրադարձավ նախագահական վերջին ընտրություններին` ընդգծելով, որ Հայաստանում անհնար է արդար ճանապարհով իշխանություն ձևավորել: «Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին մեր շահած-չշահածը: Հարցերի մի շարք է կուտակվել, որոնք պատասխան են պահանջում»,- ասաց նա` նշելով, որ ամենամեծ փառքին արժանանում է ոչ թե նա, ով երբեք չի ընկնում, այլ նա, ով կարողանում է ոտքի կանգնել իր ամեն անկումից հետո:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` «Ժառանգությունը» և ազատ, անկախ Հայաստանի մարտիկները չեն լքել մարտադաշտը: «Սա է «զադնի չկա»-ի նշանակությունը: Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ «Բարև, Երևանը» իր առաքելությունը չի ավարտել:
Ըստ Հովհաննիսյանի` «ապօրինի իշխանությունը, գործող նախագահը մեկուսացնում են երկիրը, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործում է վասալային իշխանությունը»:
Ավելին` «Ժողովրդի բողոքներին բանի տեղ դնող չկա: Արդյունքում ավելանում է արտագաղթողների թիվը, որին ոչ մի արդարացում չկա»:
Ր. Հովհաննիսյանը չմոռացավ Շանթ Հարությունյանին, ասաց, որ նա, անշուշտ, վերջին քաղբանտարկյալը չի լինելու և կոչ արեց անհապաղ ազատ արձակել նրան:
«Ժառանգության» նպատակը, Հովհաննիսյանի ներկայացմամբ, արդար ընտրությունների միջոցով նոր կառավարություն ձևավորելն է: Նա հորդորեց մարդկանց չհուսահատվել, հատկապես նրանց, ովքեր մտածում են, թե այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ այս երկրում։ «Ես եմ դա ձեզ ասում` ամեն ինչ հնարավո՛ր է»,- շեշտեց նա` հավելելով, որ հայ ժողովուրդը պետք է վերականգնի իր ոտնահարված իրավունքը:
Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի, ներկա կլինեն մամուլի բոլոր ներկայացուցիչները, և նա կպատասխանի նրանց հուզող բոլոր հարցերին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 26644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ